ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Տաքսի ծառայություն մատուցող GG ընկերության գրասենյակն այս պահին խուզարկում են: Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ես և փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեկնում ենք այնտեղ: Լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»,– գրել է Բաբայանը։
Նշենք, որ GG ընկերության համահիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հունիսի 12-ին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր կատարել և աջակցություն հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Նա գրել էր. «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։
Այս գրառումից հետո իշխանամետ օգտատերերը ֆլեշմոբ սկսեցին` հորդորելով բոյկոտել այս տաքսի ծառայությունը, բողոքի շարժման կողմնակիցներն էլ մեկ այլ ֆլեշմոբ արեցին. «Երթևեկում եմ միայն GG-ով»։ Այսօր Խաչատուր Գրիգորյանը ևս մեկ գրառում է արել` հորդորելով պաշտպանել մեր հայրենիքը։