Կայացել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման առաջին նիստը. քննարկումներ և ծրագրեր

Միխայիլ Տուրունդաև
2023 թ.–ի դեկտեմբերին ՀՀ–ն ու ՌԴ–ն պայմանավորվել են ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը, հիմա անցել են այդ աշխատանքին։ Բացի այդ, «Ռոսատոմի» ղեկավարի տեղակալը նոր կայանի կառուցման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել փոխվարչապետին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման համակարգող կոմիտեի առաջին նիստը, որը կազմակերպել են Հայաստանի իշխանությունները և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները։
«Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13–ին»,– Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում «Ռուսատոմ-միջազգային ցանց»–ի ներկայացուցչության տնօրեն Միխայիլ Տուրունդաևը։
Կոմիտեն գլխավորել են «Ռոսատոմի» ղեկավարի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
Տուրունդաևը նշեց, որ 2023 թվականի դեկտեմբերին «Ռոսատոմը» Հայկական ԱԷԿ-ի հետ շրջանակային համաձայնագիր է ստորագրել կայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկրորդ երկարաձգման մասին։ Սկսվել են աշխատանքային քննարկումները և անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար պայմանագրերի կնքման նախապատրաստական աշխատանքները, որոնք նախատեսվում է իրականացնել մի քանի տարվա ընթացքում: Կարևոր է պահպանել ժամկետները, որպեսզի գործող էներգաբլոկը շարունակի աշխատանքը առանց դադարների։
Հունիսի 13-ին Կոմարովը հանդիպել է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ` նրան տեղեկացնելով նիստի ընթացքի մասին և քննարկելով նոր կայանի կառուցման հարցերը: Տուրունդաևն ընդգծեց, որ «Ռոսատոմը» նոր կայանի մի քանի տարբերակ է առաջարկել, իսկ գործող բլոկի շահագործման ժամկետի երկարաձգումը կիրականացվի սահմանված ժամկետներում:
Հիշեցնենք, որ նմանատիպ համակարգող կոմիտե է աշխատել նաև կայանի ծառայության ժամկետի առաջին երկարացման ժամանակ։ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, որը գործարկվել է 1980 թվականին, ի սկզբանե ունեցել է 30 տարվա ժամկետ։ 1989-1995 թվականներին կայանը եղել է երկարատև կանգառի ռեժիմում, և ծառայության ժամկետը երկարացվել է 2010 թվականից մինչև 2016 թվականը։ Այնուհետև աշխատանքներ են տարվել ծառայության ժամկետը մինչև 2026 թվականը երկարացնելու ուղղությամբ։ Այժմ նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը։
Մինչ այդ ժամկետի լրանալը իշխանությունները պատրաստվում են ընտրել նոր կայանի նախագիծ և կառուցել այն։ Դրա համար ուսումնասիրվում են առաջարկներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Հարավային Կորեայից։