Հայաստանն ուզում է խորացնել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացում են ապրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունն ուզում է խորացնել համագործակցությունը Մեծ Բրիտանիայի հետ։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, այս մասին ասված է Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում, որը նա հղել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակին ազգային տոնի առթիվ։
Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգացում են ապրել, և առանձնահատուկ կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը «Հայաստանում ընթացող լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներին»։
«Հայաստանի կառավարությունը հանձնառու է խորացնել երկկողմ համագործակցությունը Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության ոգուն համահունչ՝ ի շահ մեր երկրների և բարեկամ ժողովուրդների»,– ընդգծել է Փաշինյանը։
Նա, օգտվելով առիթից, Մեծ Բրիտանիայի վարչապետին մաղթել է քաջառողջություն, իսկ Միացյալ Թագավորության ժողովրդին՝ բարեկեցություն և բարօրություն։