GG ընկերության գրասենյակի խուզարկությունից հետո բոլոր համակարգիչներն առգրավվել են

GG տաքսիներ
Փաստաբանի պնդմամբ` ՔԿ–ն դատարանի որոշում ուներ միայն մի քանի աշխատակցի համակարգիչներն առգրավելու և խուզարկելու մասին, մնացածն ապօրինի է տարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Տաքսի ծառայություն մատուցող GG ընկերության գրասենյակի խուզարկությունից հետո բոլոր 26 համակարգիչներն առգրավվել են։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։
«Խուզարկություն էին կատարում քրեական գործի շրջանակում` Մասիս Մելքոնյանի որոշման հիման վրա։ Ցավոք, մենք մի փոքր ուշ տեղեկացանք խուզարկության մասին, որովհետև մինչ մեր ժամանելն աշխատակցին հորդորել էին ներկայացնել շենքում առկա բոլոր համակարգիչները։ Մենք մտանք այն պահին, երբ բոլորը գետնին դրված էին, որոշում էլ կար ոչ միայն համակարգիչները տանելու, այլև մի քանի աշխատակցի գործունեության հետ կապված խուզարկություն իրականացնելու։ Նույնիսկ մեր հորդորներից հետո ՔԿ աշխատակիցներն այնուամենայնիվ առգրավեցին շենքում առկա բոլոր համակարգիչները, ինչն ապօրինի և անհիմն է եղել։ Դատարանի որոշումից դա չէր բխում»,– նշեց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ շենքում առկա բոլոր համակարգիչներն ու կրիչները տանելու հետևանքով ընկերության գործունեությունը կպարալիզացվի, մեծ վնասներ կհասցվեն։
Հարությունյանը վստահեցրեց` սա հերթական քաղաքական հետապնդումն է։ Նրա պնդմամբ` պատճառը GG ընկերության սեփականատեր Խաչատուր Գրիգորյանի գրառումն է և առհասարակ քաղաքական դիրքորոշումը։
Նշենք, որ Գրիգորյանը հունիսի 12-ին «Ֆեյսբուքի» իր էջում աջակցություն էր հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Նա գրել էր. «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։
Այս գրառումից հետո իշխանամետ օգտատերերը ֆլեշմոբ սկսեցին` հորդորելով բոյկոտել այս տաքսի ծառայությունը, բողոքի շարժման կողմնակիցներն էլ մեկ այլ ֆլեշմոբ արեցին. «Երթևեկում եմ միայն GG-ով»։ Այսօր Խաչատուր Գրիգորյանը ևս մեկ գրառում է արել` հորդորելով պաշտպանել մեր հայրենիքը։