Բաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին. Այվազյան

Նախկին արտգործնախարարի խոսքով` խաղաղությունն այն տեսքով, որով հասկանում են Հայաստանում, չի լինի Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրումից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը լավագույն դեպքում շրջանակային փաստաթուղթ է լինելու ինչ-որ ընդհանուր սկզբունքների մասին, բայց այն Հայաստանի համար ոչինչ չի փոխի խաղաղության և անվտանգության առումով։ Այս մասին Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը` մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ–ի վերջին հայտարարությունն այն մասին, որ Երևանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ամփոփել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքներն ու Բաքվի հետ ստորագրել այն։
Այվազյանի խոսքով՝ խնդիրները շատ ավելի խորն են, քան ինչ-որ ժամկետներում ստորագրելու հարցը։ Եվ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ իր խոստումները, միջազգային պարտավորությունները ակնթարթի ընթացքում կարող է ոտնահարել։
«Եթե վերլուծում ենք իրավիճակն ու Ադրբեջանի մտադրությունները, ապա որևէ փաստաթուղթ հետագայում չի կարող խոչընդոտ դառնալ Ադրբեջանի և իրեն հովանավորող Թուրքիայի համար` նոր ոտնձգությունների ճանապարհով։ Եվ ամենևին պարտադիր չէ ռազմական միջոցներով. կան ագրեսիայի, ճնշման տարբեր միջոցներ` նույնիսկ հոգեբանական, որոնց միջոցով Ադրբեջանը նոր զիջումներ կկորզի ՀՀ–ից։ Այնպես որ, պետք չէ այդ պատրանքն ունենալ, որ փաստաթուղթը վերջ է դնելու մեր բոլոր դժբախտություններին։ Մեր պատկերացմամբ` խաղաղություն չի լինելու»,–ասաց նա։
Ստեղծված իրավիճակում նախկին արտգործնախարարը համոզմունք է հայտնում , որ Հայաստանը միայնակ չէ, և ՀՀ–ի` որպես կենսունակ պետության գոյությունն այս տարածաշրջանում ոչ միայն Հայաստանի ազգային շահերից է բխում, այլ նաև համապատասխանում է մի շարք երկրների դերակատարների պետական շահերին։
«Եվ այստեղ է, որ մենք պետք է կարողանանք ձևավորել ռազմավարական երկխոսություն և խորը համագործակցություն»,–հավելեց Այվազյանը։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։