ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Թույլ չենք տալու, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր նպատակների համար։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Շատ համբերատար ենք, շատ հանդուրժող ենք, մեր սերը չենք թաքցնում, բայց էլի եմ ասում՝ որևէ մեկը սա չպետք է շփոթի, իշխանության թուլություն սա չպետք է ընկալի և գնահատի»,- ընդգծեց նա։
Փաշինյանը հիշեցրեց երեկ ԱԺ-ում հնչեցրած իր հայտարարությունները՝ հույս հայտնելով, որ այս ուղերձների հասցեատերերը կընդունեն դրանք։
«Եվ չեն հասցնի նրան, որ մենք առաքենք այդ ուղերձներն արդեն կոնկրետ հասցեներով»,- ասաց գործադիրի ղեկավարը։
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանի կղերաֆեոդալական էլիտան Հայաստանի ժողովրդին խաբել է իշխանությունը զավթելու և պահելու համար, դրա համար թաքցրել է նաև Լիսաբոնի փաստաթուղթը և նենգափոխել ԼՂ հարցը։ Այնուհետև նա հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները միլիարդների զենք են հանձնել Ադրբեջանին, 2 ժամում հանձնվել են։ Փաշինյանի խոսքով` այդ մարդիկ հիմա էլ եկել են, ուզում են Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն անել, որ ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին։ Նա, դիմելով իր ասած կղերաֆեոդալներին, վստահեցրեց, որ նրանք ՀՀ-ում կառավարության փոփոխություն չեն կարող անել։