Տրանսֆերտների դերակատարումը ՀՀ տնտեսության մեջ այլևս մեծ չէ. Պապոյան

Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարարն անդրադարձել է նաև հարցին, թե բացասական ինչ հետևանքներ է ունեցել ռուս–ուկրաինական պատերազմը ՀՀ տնտեսության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. 2024 թ. առաջին եռամսյակում ՀՀ 9,2 տոկոս տնտեսական աճի մեջ բոլոր ոլորտներն ունեցել են իրենց գործուն մասնակցությունը։ Ամփոփելով գործունեության 100 օրը` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2024 թ. հունվարին դեպի ՀՀ դրամական հոսքերը կազմել են 146 մլրդ 067 մլն դրամ, արտահոսքը` 132 մլրդ 771 մլն դրամ։ Միայն 2024 թ. հունվարին ՌԴ–ից դրամական ներհոսքը կազմել է 94 մլրդ 820 մլն դրամ, իսկ արտահոսքը` 16 մլրդ 134 մլն դրամ։
«Բարեբախտաբար, տրանսֆերտների դերակատարումը ՀՀ տնտեսության մեջ այլևս մեծ չէ, ինչպես, օրինակ, սրանից 15 կամ 20 տարի առաջ։ Տրանսֆերտները կարող են բացարձակ արժեքով ավելացած լինել, սակայն մեր ընդհանուր տնտեսությունը շատ ավելի արագ է աճել, քան տրանսֆերտների դերակատարումը»,– ընդգծեց նախարարը։
Նա անդրադարձավ հարցին, թե բացասական ի՞նչ հետևանքներ է ունեցել ռուս–ուկրաինական պատերազմը ՀՀ տնտեսության վրա։ Ըստ նախարարի` այնպես չէ, որ պատերազմի հետևանքով ՀՀ տնտեսությունը շահեկան դիրքում է հայտնվել։
Հայաստանից տրանսֆերտների ներհոսքը և արտահոսքը ըստ հիմնական ուղղությունների
«Ուզում եմ հիշեցնել, որ մինչև պատերազմը` 2022 թ. առաջին երկու ամիսներին, մեր տնտեսական ակտիվությունը երկնիշ է եղել։ Չենք բացառում, որ դրական իրադարձություններ էլ են եղել։ Օրինակ` ՀՀ են եկել ոլորտային բազմաթիվ աշխատողներ, սակայն չենք մոռանում նաև բացասականը»,– նշեց Պապոյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ եկած զբոսաշրջիկների ծավալին, ապա ըստ նրա` եթե 2023 թ. զբոսաշրջիկների 50 %–ն էր եկել ՌԴ–ից ՀՀ, ապա այս տարի այդ ցուցանիշը դեռ 40 % է։