ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները՝ ՌԴ-ի կողմից ենթադրյալ «սաբոտաժի գործողություններին» ի պատասխան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս մասին հայտարարել է Բրյուսելում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Այսօր նախարարները հաստատել են մի շարք միջոցառումներ, որոնք կկիրառվեն ինչպես ազգային, այնպես էլ հավաքական մակարդակով։ Այդ միջոցները ներառում են հետախուզական տեղեկատվության փոխանակման ուժեղացում, կարևոր ենթակառուցվածքի պաշտպանության ամրապնդում և ռուսական հետախուզության գործունեության սահմանափակումների սահմանում»,-հայտնել է Ստոլտենբերգը։
Նա նաև հավանություն է տվել ԵՄ երկրներում ռուս դիվանագետների տեղաշարժը սահմանափակելու առաջարկին, ինչը, հավանաբար, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մեջ կմտնի։
«Մենք նախկինում արդեն կիրառել ենք այդպիսի միջոցառումներ և ողջունում ենք դաշնակիցների հետագա քայլերը ռուս հետախույզների տեղաշարժը սահմանափակելու ուղղությամբ»,- հավելել է նա:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանը «ուժեղացրել է վնասաբեր գործողությունները ՆԱՏՕ-ի երկրների դեմ», ինչը լրացուցիչ պատժամիջոցների սահմանումն անհրաժեշտություն է դարձնում: