Մայիսին ՀՀ–ում 11 ընկերություն տուգանվել է ավելի քան 1 մլն դրամով

ՀԴՄ
Ընդհանուր առմամբ մայիսին 154 հարկ վճարողի մոտ է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում արձանագրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) կիրառման կանոնների խախտման համար ՀՀ–ում գործող 11 հարկ վճարող մայիսին տուգանվել է 1 մլն դրամ և ավելի գումարով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ մայիսին 154 հարկ վճարողի մոտ է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում արձանագրվել, ընդհանուր տուգանքն էլ կազմել է 72.82 մլն դրամ։
«11 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ավելի քան 1 մլն դրամ տուգանք՝ ընդհանուր շուրջ 34.19 մլն դրամի չափով: ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքով ավելի քան 1 մլն դրամ տուգանք արձանագրվել է ավտոտեխսպասարկման, ավտոլվացման, ավտոգազալցակայանի, մթերային խանութի ծխախոտի առևտրի, կահույքի արտադրության, տնտեսական ապրանքների և մի շարք այլ ոլորտներում փաստացի գործունեություն ծավալող ընկերություններում և կազմակերպություններում»,– ասված է հաղորդագրությունում։
Տուգանված ընկերությունների եռյակի առաջատարը ծխախոտի առևտրով զբաղվող «Կարատ թրեյդ» ՍՊԸ–ն է (IQOS) (տուգանքը` 10 000 000 դրամ), որին հաջորդում է ավտոտեխսպասարկմամբ և հեղուկ ու կոշտ վառելիքի առևտրով զբաղվող «Արմ Պետրոլ» ՍՊԸ–ն (ՖԼԵՇ) (տուգանքը` 5 506 390 դրամ)։ Եռյակը եզրափակում է «ՏԻՎԱ» ՍՊԸ–ն, որը մթերային խանութ է և տուգանվել է 4 548 036 դրամով։