ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Վերջին երկու օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր տարածած ապատեղեկատվություններով ագրեսիայի հիմք չի ստեղծում։ ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Նա այդպես է կարծում՝ հիմնվելով ընթացող, խաղաղությանը միտված գործընթացների վրա։
«Հերքումը հիմք է, որ ադրբեջանական կողմն էլ ճշտի, թե կրակոցներ ինչ բնույթի և որտեղից են եղել, մենք էլ պետք է ճշտենք, թե ինչ կրակոցներ են, եթե եղել են։ Բայց համոզված եմ, որ կրակոցներ չեն եղել։ Կրակոցներ միշտ կարող են լինել, անգամ լիակատար խաղաղության պարագայում, կրակոցներ, որոնք հրահրված չեն․ զինվորական է, կարող է՝ խմել է, մի հատ էլ կրակել է, բայց ոչ մեր կողմից, կարող է՝ իրենց կողմից»,- ասաց Քոչարյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը երեկ և այսօր հայտարարել է, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հաղորդագրությունները։