Կլինի միջանցք՝ առանց «միջանցք» բառի. փորձագետը` հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Sputnik Արմենիայի զրուցակիցը նշում է, որ եթե Հայաստանը գնա տարածաշրջանում կոնֆիգուրացիայի փոփոխության, ապա ինքն էլ կարող է Իրանի կողմից որպես սպառնալիքի աղբյուր դիտարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանի հայտարարությունն այն մասին, որ Թեհրանը դեմ է տարածաշրջանի ժողովրդագրության և սահմանների փոփոխությանը, Իսլամական Հանրապետության համար նոր «կարմիր գծերի» կառուցում է նշանակում: Եվ նոր «կարմիր գիծ» է դառնում կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» նախագիծը, որն առաջ են մղում Բաքուն և Անկարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։
Ավելի վաղ Ալի Բաղերին հայտարարել էր, որ իրանական կողմն աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք կօգնեն տարածաշրջանի զարգացմանը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական կարգավորմանը: Սակայն Թեհրանը դեմ է ցանկացած նախագծի ու նախաձեռնության, որը կփոխի տարածաշրջանի ժողովրդագրությունն ու սահմանները։
Սերգեյ Մելքոնյան
«Այո՛, մենք գիտենք, որ Իրանի տարածքում Արևմտյան Ադրբեջան նահանգ կա։ Սակայն Բաքվում և Անկարայում այդպես են անվանում ժամանակակից Հայաստանը։ Երբ ասում են, թե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրման պարտադիր պայմաններից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է, խնդիրն այն է, որ եթե հանենք նախաբանը, Հայաստանի 3–րդ Հանրապետությունը փաստացի հիմնվում է ոչ թե Անկախության հռչակագրի հիման վրա, որտեղ գրված է նաև Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, այլ ինչ-որ այլ փաստաթղթի հիման վրա։ Եվ դա լինելու է բոլորովին այլ Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի տեսանկյունից դա Արևմտյան Ադրբեջան կլինի», - ասել է Մելքոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նա նշել է, որ անցյալ շաբաթ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավարը հայտարարել էր, որ շուտով կներկայացվեն տասնյակ, հարյուր հազարավոր էթնիկ ադրբեջանցիների ցուցակները, որոնք բնակվել են Հայաստանում, ու որոնք վերադարձի իրավունք չունեն: Փորձագետի կարծիքով` դա նշանակում է, որ աստիճանաբար կյանքի կկոչվի Հայաստանի ներկայիս տարածքը Ադրբեջանի քաղաքացիների կողմից բնակեցնելու ծրագիրը, ինչը կհանգեցնի ժողովրդագրական հաշվեկշռի փոփոխության: Համենայն դեպս, Բաքվում նման ծրագրեր են մշակում։
«Իրանում շատ լավ հասկանում են, թե դա ինչ է։ Սա արդեն ոչ թե պարզապես «սալյամի մարտավարություն» (ռազմավարություն, որտեղ մեծ նպատակը փոխարինվում է փոքր, միջանկյալ նպատակների հաջորդականությամբ) է, այլ սողացող ժողովրդագրական անեքսիա. այն, ինչ անում էր Ադրբեջանը խորհրդային տարիներին, երբ փորձում էին փոխել ԼՂԻՄ-ի ժողովրդագրական կազմը՝ աստիճանաբար այնտեղ վերաբնակեցնելով ադրբեջանցիներին։ Նույնը Ադրբեջանը ծրագրում է անել Հայաստանում։ Այսինքն՝ ստեղծել այն պահը, երբ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում ադրբեջանցիներն ու Ադրբեջանի քաղաքացիները ավելի շատ լինեն, քան հայերն ու Հայաստանի քաղաքացիները։ Եվ այդ ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի համար շատ ավելի հեշտ կլինի անեքսիայի ենթարկել Հայաստանի այդ տարածքը, ինչն Իրանի համար «կարմիր գիծ» է, - կարծում է փորձագետը։
Նրա կարծիքով՝ եթե Հայաստանը գնա տարածաշրջանում կոնֆիգուրացիայի փոփոխության, ապա ինքը կարող է Իրանի կողմից որպես սպառնալիքի աղբյուր դիտարկվել:
Նա հիշատակեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ դիտարկվում է հաղորդակցություններին մասնավոր ընկերությունների ներկայության տարբերակը: Այսինքն՝ խոսքը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է, բայց դա կոչվելու է ոչ թե «միջանցք», այլ կոմունիկացիա, ընդ որում՝ այնտեղ չի լինելու Հայաստանը, փոխարենն այնտեղ ինչ-որ միջազգային մասնավոր ընկերություն է տեղակայվելու։
«Հիմար իրավիճակ է, բայց միանգամայն հասկանալի։ Բնականաբար, դա հնարավոր է, և դա կարող է տեղի ունենալ։ Էությունն այն է, որ փաստացի դա լինելու է միջանցք՝ առանց «միջանցք» անվանման», - համոզված է Մելքոնյանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ եվրոպացի գործընկերները Հայաստանին հասկացնում են, որ ինքը չէ, որ պետք է որոշի՝ Ադրբեջանին «միջանցք» տրամադրել, թե ոչ։ Այսինքն, եթե նույնիսկ Հայաստանն ուզեր հաղորդակցությունների վերահսկողությունը փոխանցել երրորդ կողմին, դժվար կլիներ դա անել։
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանը փորձում է ուղիներ գտնել այդ հաղորդակցությունը տալու համար։ Իսկ հիմա մի քանի տարի հետ գնանք և հիշենք Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունները, որը պնդում էր, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման գլխավոր խոչընդոտներից մեկը Իրանն է։ Նա չի նշել Հայաստանը կամ նույնիսկ որևէ այլ երկիր՝ Պապուա Նոր Գվինեայից մինչև Ռուսաստան։ Նա հստակ նշել է, որ գլխավոր խոչընդոտը Իրանն է, ոչ թե Հայաստանը», - նշում է քաղաքագետը։
Մելքոնյանը կարծում է, որ եթե Հայաստանը ձեռնամուխ լինի այդ «միջանցքը» հանձնելուն, ապա Իրանը կհակազդի դրան։ Դրա համար էլ Հայաստանը նոր ձև է գտել՝ միջանցքն անվանում է ոչ թե «միջանցք», այլ «խաղաղության խաչմերուկ»։
«Ադրբեջանի հետ համաձայնեցրած ընկերությունը գործելու է Հայաստանի տարածքում, այն մեզ մոտ լիցենզիա է ստանալու, հավաստագրվելու է։ Այնտեղ ընդհանրապես ո՛չ սահմանային, ո՛չ մաքսային, ո՛չ ռազմական վերահսկողություն չի լինի պաշտոնական Հայաստանի կողմից, բայց դա չի կոչվի «միջանցք», որովհետեւ գեղեցիկ համազգեստով մարդիկ կգան ինչ-որ միջազգային կազմակերպությունից ու կվերահսկեն մեր ճանապարհը», - եզրափակել է Մելքոնյանը։
ԱՄՆ–ն հետաքրքրված է, որ Թուրքիան ու Ադրբեջանն ուղիղ կապ ունենան ՀՀ տարածքով. քաղաքագետ
Նա նաև նշել է, որ զուգահեռաբար ներքին օրակարգ է նետվում Ադրբեջանից գազ գնելու հարցը։ Ընդ որում, նա չի բացառում, որ դա կարող է ինչ-որ գործարքի մաս լինել։
«Արդեն դիզելի և այլ վառելանյութերի առաջին խմբաքանակները գալիս են Վրաստանից։ Ուշադրություն՝ հարց: Այդ երբվանի՞ց է Վրաստանը գազի և նմանատիպ էներգառեսուրսների արտահանող դարձել։ Ինձ համար առնվազն ակնհայտ է, որ դրանք ադրբեջանական արտադրության ապրանքներ են։ Եվ երբ Հայաստանի պաշտոնյաները հայտարարում են, թե եկեք դիտարկենք Ադրբեջանից գազ գնելու հարցը, ապա, հավանաբար, դա կարող է ինչ-որ գործարքի մաս լինել», - ենթադրել է քաղաքագետը։
Նա կարծում է, որ այդպիսով հայկական իշխանությունը ռուսական ներկայությունը փոխարինում է ադրբեջանական ազդեցությամբ։
Ռուբինյանն Անթալիայում խոսել է ԵԱՏՄ-ի ու «Զանգեզուրի միջանցքի» մասին