Կառավարությունը Շուռնուխի և Որոտանի բնակիչներին տրվող ամսավճարները երկարաձգեց մինչև հունիս

Շուռնուխում կառուցված տները
Ենթադրվում էր, որ օգնությունը կտրամադրվեր այնքան ժամանակ, մինչև բնակիչները կստանան նոր տները, բայց 2024 թվականի հունվարին վճարումները դադարեցվեցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik, Դավիթ Գալստյան. ՀՀ կառավարությունը Շուռնուխում և Որոտանում տները կորցրած բնակիչներին դրամական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգեց մինչև հունիս։
Մայիսի սկզբին գրել էինք, որ Շուռնուխի բնակիչները, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, դեռ նոր տները չեն ստացել, բայց իշխանությունը դադարեցրել է վճարել նրանց ամսական դրամական օգնությունը, որը ծախսվում էր նաև տան վարձ տալու համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ 2024 թվականի պետական բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն Շուռնուխի բնակիչների ամսական վճարումների համար։
Իրավիճակը հասկանալու համար Sputnik Արմենիան հարցումներ էր ուղարկել Սյունիքի մարզպետարան, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, այնուհետև ՀՀ վարչապետի աշխատակազմ։
Մեր հարցումներին ի պատասխան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ Սյունիքի մարզպետարանից ծրագրի երկարաձգման առաջարկ են ստացել, որն ուղարկվել է ՀՀ վարչապետի աշխատակազմ:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Քաղաքաշինության կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում 13 տներից բաղկացած բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներն ավարտվել են։ 2024 թվականի մայիսի 10-ին Գորիս համայնքի կողմից տրվել է N 10 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն)»,- նշված է ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանում։
Նշենք, որ ՀՀ կառավարության այսօրվա նիստում նախագիծը հաստատվեց։ 68 հազար դրամ ամսական օգնությունը կերկարաձգվի մինչև 2024 թվականի հունիս։ Շահառուների թիվը 39 է:
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմից հետո Շուռնուխի մի մասը (13 տուն) անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ տների փոխարեն նոր թաղամասում կառուցվող 13 տների շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021 թվականին։ Սակայն շինարարության ավարտի ժամկետը 6 անգամ պաշտոնապես հետաձգվեց։ Քաղաքաշինության կոմիտեից Sputnik Արմենիայի վերջին հարցմանը պատասխանել էին, որ նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականի ապրիլին։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մայիսի 22-ին հայտարարեց, որ Շուռնուխի տների բաշխման գործընթացը տեղի կունենա առաջիկա օրերին։