ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Իրանում ու Հայաստանում առաջիկայում առևտրի տներ կբացվեն։ Ամփոփելով պաշտոնավարման իր 100 օրը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա նշեց, որ Երևանում Իրանի առևտրի տան բացումը ցանկանում էին այնպես անել, որ համընկնի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ՀՀ կատարած այցի հետ, սակայն նրա ողբերգական մահվան պատճառով բացումը հետաձգվեց։ Պապոյանը վստահեցրեց, որ առևտրի տան բացումը տեղի կունենա ոչ հեռու ապագայում, ինչպես նաև նմանատիպ հայկական առևտրի տուն կբացվի Իրանում:
«Մենք, իհարկե, հասկանում ենք, որ քիչ է ընդամենն ապրանքներով լի շենք ունենալը. պետք է իրանցի գնորդներին ծանոթացնել այդ ապրանքներին և տեղակայման համար ընտրել նրանց հետաքրքրողները»,– ասաց Պապոյանը:
Նախարարը վստահեցրեց, որ Հայաստանը նաև պատրաստվում է վերլուծել Իրան–ԵԱՏՄ ազատ առևտրի մասին նոր համաձայնագրի հնարավորությունները և փորձել երկուստեք օգտվել դրանցից:
Ըստ նրա` ակնհայտ է, որ լայն սպառման ապրանքներն Իրան տեղափոխելն իմաստ չունի, քանի որ այնտեղ և պարենային, և ոչ պարենային ապրանքները բավականին շատ են և բնական պաշարների շնորհիվ՝ շատ ավելի ցածր ինքնարժեքով։
Պապոյանի խոսքով` պետք է մտածել, թե հայկական կոնկրետ ինչ ապրանքներ կհետաքրքրեն իրանական շուկային և աշխատել դրանց առաջխաղացման ուղղությամբ:
Նշենք, որ 2023 թ. դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ստորագրված ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի համաձայնագիրը հավանության է արժանացել ՀՀ կառավարության այսօրվա նիստում և կներկայացվի ԱԺ վավերացմանը։