ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ–ն ևս 6 ամսով երկարաձգել է ԵԱՏՄ–ից 3–րդ երկրներ հացահատիկի արտահանման արգելքը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Արգելքը տարածվում է ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկաձավարի, ինչպես նաև արևածաղկի ձեթի վրա:
Արգելքի նախորդ որոշման ժամկետը լրանում է 2024 թ. հուլիսի 2–ին։
Արգելքը վերաբերում է ռուսական հացահատիկին, որը ՀՀ–ն` որպես ԵԱՏՄ անդամ երկիր, ստանում է ավելի շահավետ պայմաններով։
«Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Նշենք, որ ՀՀ–ում կա հացահատիկի տեղական արտադրություն, սակայն այն ապահովում է երկրի կարիքների մի մասը և, հետևաբար, չի արտահանվում: