ՀՀ–ն բողոքի հայտագիր է ներկայացրել Բելառուսին. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից ընդգծել են, որ Հայաստանին երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik.Հայաստանն իր ներքին գործերին միջամտելու առնչությամբ բողոքի հայտագիր է ներկայացրել բելառուսական կողմին։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Բելառուսի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անատոլի Գլազը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունները՝ ընդգծել էր՝ եթե ինչ-որ մեկը որոշել է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել արտաքին թշնամու կերպարով, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է։ Միաժամանակ նա հավելել էր, որ Մինսկում մտադիր չեն վատթարացնել հարաբերությունները Երևանի հետ, որքան էլ Հայաստանի ղեկավարությանը դրան դրդեն արտաքին խաղացողները։
«Հավելենք, որ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,–նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13–ին ԱԺ–ում հայտարարեց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ երկրի որևէ պաշտոնյան չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Փաշինյանի հայտարարությունից շատ չանցած` հայտնի դարձավ, որ Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների։