Երևան–Քիշնև ինքնաթիռի վայրէջքը չի հաստատվել ավիափոխադրողի մեղքով. Մոլդովայի քաղավիացիա

Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի մարմինը պարզաբանել է, թե ինչու են Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռին արգելել վայրէջք կատարել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Երևան-Քիշնև չվերթի ինքնաթիռը, որը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում, Մոլդովայի մայրաքաղաքում վայրէջք կատարելու համար հաստատում չի ստացել ավիափոխադրողի մեղքով, որը հանրապետության ավիացիոն իշխանություններին չի տեղեկացրել չվացուցակի փոփոխության մասին, հաղորդում է Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի մարմինը:
Ավելի վաղ ուղևորներով ինքնաթիռը մի քանի ժամ պահել էին Մոլդովայի մայրաքաղաքի օդանավակայանում` որևէ պարզաբանում չներկայացնելով: Այնուհետև օդանավը մեկնել էր Բուխարեստ։
«Ավիափոխադրողները պարտավոր են տեղեկացնել մարմիններին չվերթերի չվացուցակի ցանկացած փոփոխության մասին, սակայն RMO-EVN-RMO (Քիշնև-Երևան-Քիշնև) չվերթի դեպքում այդ պահանջները չեն կատարվել։ Քաղաքացիական ավիացիայի մարմնին օպերատորը չի տեղեկացրել ժամանակացույցի փոփոխությունների մասին 3 օր առաջ, ինչպես պահանջում է օրենսդրությունը: Արդյունքում այդ չվերթն անհրաժեշտ հաստատում չի ստացել»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Երևանից FlyOne ավիաընկերության ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Քիշնևում տեղական ժամանակով ժամը 2: 00-ին: Փոխարենը ինքնաթիռը վայրէջք է կատարել Բուխարեստում, սակայն ուղևորներին մինչև ժամը 15.00-ն դուրս չեն թողել ինքնաթիռից։
Ավելի ուշ «Fly Օne» ավիաընկերության վարչության նախագահ Վլադիմիր Չեբոտարը հայտարարեց` Երևան - Քիշնև չվերթի ինքնաթիռը կուղևորվի ոչ թե Մոլդովայի մայրաքաղաք, այլ կվերադառնա Հայաստան:
Չեբոտարը նշել էր, որ ինքնաթիռում կասկածելի անձինք են եղել։ Թռիչքի ընթացքում անձնակազմը թռիչքի ինչ-որ տվյալներ է փոխել, փաստաթղթերում սխալ է թույլ տվել։ Դրանից հետո, նրա խոսքով, կեղծ ահազանգ է եղել, թե ինքնաթիռն իբր ականապատված է։