ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Երևան - Քիշնև չվերթի ինքնաթիռը, որը հարկադիր վայրէջք է կատարել Բուխարեստում, կուղևորվի ոչ թե Մոլդովայի մայրաքաղաք, այլ կվերադառնա Հայաստան: Այս մասին հայտնել է «Fly Օne» ավիաընկերության վարչության նախագահ Վլադիմիր Չեբոտարը, նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ըստ ընթացակարգի` ինքնաթիռը վերադառնում է Երևան։ Այդ չվերթին չի թույլատրվել մտնել Մոլդովայի տարածք։ Չարտերային չվերթ էր, հանգամանքները կպարզեն»,-ասել է նա։
Չեբոտարը նշել է, որ ավիաընկերությունը ներկայում պարզում է չվերթի ժամանակ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:
«Ինչպես հասկացա, ինքնաթիռում կասկածելի անձինք են եղել, որոշակի բնույթի մարդիկ։ Թռիչքի ընթացքում անձնակազմը թռիչքի ինչ-որ տվյալներ է փոխել, փաստաթղթերում սխալ է թույլ տվել։ Ուղևորներից մեկը կասկածներ է առաջացրել, սակայն մանրամասները դեռ չգիտենք»,-հավելել է նա։
Ավելի վաղ ուղևորներով ինքնաթիռը մի քանի ժամ պահել էին Մոլդովայի մայրաքաղաքի օդանավակայանում` որևէ պարզաբանում չներկայացնելով: Այնուհետև օդանավը մեկնել էր Բուխարեստ։
ԶԼՄ-ների տվյալներով` ինքնաթիռի օդաչուն Բուխարեստում վայրէջք է խնդրել սկանդալի պատճառով, որն իբր տեղի է ունեցել ինքնաթիռում: Ընդ որում, Մոլդովայում 112 միասնական ծառայությունը հեռախոսային հաղորդագրություն է ստացել այդ ինքնաթիռում գտնվող ռումբի մասին, տեղեկատվությունը փոխանցվել է ռումինացի գործընկերներին:
Մոլդովայի քաղաքացիական ավիացիայի մարմինն առայժմ չի մեկնաբանում իրավիճակը` խոստանալով պարզաբանել ավելի ուշ ։
Միևնույն ժամանակ, Երևանից մեկ չվերթ ուրբաթ գիշերը վայրէջք է կատարել Քիշնևում, սակայն նրա ուղևորներին օդանավակայանում պահել են ավելի քան երեք ժամ: Մեկ այլ թռիչքի համար, որը պետք է ժամաներ ժամը 16.40-ին, հայտարարվել է վեց ժամ ուշացում։