ԵՄ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպեր չի արձանագրել

Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, թե իբր Հայաստանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ գնդակոծել են ադրբեջանական դիրքերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն Ադրբեջանի հետ սահմանին որևէ արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չի արձանագրել: Այս մասին կազմակերպությունը հայտնում է X–ի իր միկրոբոլգում։
«Առաքելությունը շարունակում է ամենօրյա պարեկությունն Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում։ Առաքելության դիտորդները ոչ մի արտառոց տեղաշարժ կամ միջադեպ չեն նկատել», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Բաքվում հայտարարել էին, թե իբր Հայաստանի զինված ուժերը գնդակոծել են Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական դիրքերը: Նմանատիպ հաղորդագրություններ եղել են նաև հունիսի 13-ին, սակայն ՀՀ ՊՆ–ն հերքել է այդ տեղեկությունները։
Հիշեցնենք` ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում տեղակայվեց 2022 թվականի հոկտեմբերին։ Դիտորդների կարգավիճակը մոտ է դիվանագիտական կարգավիճակին այն իմաստով, որ նրանք և նրանց ծառայողական գույքը (մեքենաներ, տեխնիկա և այլն) ենթակա չեն մաքսային զննման և Հայաստանում գրանցման ստանդարտ ընթացակարգերի:
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի:
Չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով. Փաշինյան