Դաշնակցության նկատմամբ անբարո մեթոդները շարունակվում են. ՀՅԴ ԳՄ–ի հայտարարությունը

ՀՅԴ ԳՄ–ն վստահ է` կուսակցության գրասենյակներում խուզարկություններն ակնհայտ ապօրինի մեղադրանքներով են իրականացվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Հայաստանում գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը Հայ հեղափոխական դաշնակցության նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 14-ին, առավոտից խուզարկություններ են կատարվել ՀՅԴ Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում, բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ։
«Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավար անդամներ: Սա նախորդ տարիներին կուսակցության Արմավիրի և Արարատի մարզային կառույցների նկատմամբ իրականացված նույն անպտուղ արարքների շարունակություն է»,– ասված է հայտարարությունում:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ–ն նաև հայտնել է, որ օրեր առաջ էլ ոստիկանները ներխուժել են կուսակցության Երևանի կենտրոնական գրասենյակ, որտեղ խոշտանգել են ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահին, ապօրինի բերման ենթարկել կուսակցության բազմաթիվ անդամների:
«Իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ ԶԼՄ–ների և իրավապահ մարմինների ներգրավմամբ փորձ է արվում կազմակերպել հերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցության ղեկավար մարմնի անդամները նյութապես շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար: Ամբողջությամբ կեղծ և զազրելի այս մեղադրանքը ոչ միայն սին է, այլև վկայում է այն հղացող անձանց արժեքային համակարգի մասին»,– ասված է հաղորդագրությունում:
Մերժելի է անմեղության կանխավարկածի ոտնահարումը. ՀՅԴ ԳՄ-ն` Մանուկյանի ձերբակալման մասին
Զգուշացրել են` ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանությունը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվություն պետք է կրի։