Ախթալայի հատվածում երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց շահագործվում է. զգուշացում

Լոռու մարզպետը հրահանգել է անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում, ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Ախթալա բնակավայրում գտնվող երկաթգիծը թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է։ Տեղեկությունը հայտնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
Նշվում է, որ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանի հետ այսօր այցելել է հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված գազատարի վերականգնմանն ուղղված աշխատանքներին։
«Ախթալա բնակավայրում՝ կամրջին հարակից հատվածում, նրանք զրուցել են նաև երկաթգծի աշխատակիցների, բնակիչների հետ և տեղեկացրել, որ երկաթգիծը, թեև ոչ ողջ հզորությամբ, բայց արդեն շահագործվում է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Լոռու մարզպետը հրահանգել է անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել, քանի որ երկաթգծի որոշ հատվածներով քաղաքացիներն անցուդարձ են անում ու նաև մեքենաների երթևեկություն է իրականացվում։ Ոստիկանությանը ևս հանձնարարվել է խիստ հսկողություն սահմանել:
Երկաթուղու` Ախթալայի հատվածը
Հավելենք, որ ավելի վաղ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնել էր, որ ՀՀ Լոռու մարզի Այրում-Սանահին հատվածում գնացքների երթևեկությունը վերականգնվել է նախատեսված ժամկետից մեկ շաբաթ շուտ։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ