Զորավարժությունները կարելի է դիտարկել լարվածությունը թուլացնելուն ուղղված միջոցառումների շրջանակում. Դավիթ Հարությունով

Sputnik
Ադրբեջանը չի ցանկանում Իրանի նման հարևանի հետ լարված իրավիճակ պահպանել, առավել ևս, եթե այն անկառավարելի դառնա։ Sputnik Արմենիային ասել է քաղաքագետ Դավիթ Հարությունովը` մեկնաբանելով երկու երկրների լարված հարաբերությունների ֆոնին համատեղ զորավարժություններ կազմակեպելու որոշումը։Իր հերթին Իրանը ևս, նրա գնահատմամբ, շահագոռգռված է Ադրբեջանի հետ լարումը մեղմելու` թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական խնդիրներից ելնելով։
«Այս իմաստով զորավարժությունները կարելի է դիտարկել լարվածությունը թուլացնելուն ուղղված միջոցառումների շրջանակում»,– ասել է քաղաքագետը։
Հունիսի 12-ին Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում մեկնարկել են Իրանի և Ադրբեջանի համատեղ համակարգված մարտավարական զորավարժությունները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ զորավարժություններում ներգրավված է լինելու մարտական և ավիացիոն տեխնիկա, նաև` անօդաչու թռչող սարքեր:
Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մարտավարական զորավարժություններ են անցկացվելու նաև Իրանի տարածքում։ Զորավարժությունների ընթացքում պետք է համակարգված կերպով կատարվեն տարբեր առաջադրանքներ՝ հնարավոր դիվերսիոն գործողություններից ռազմավարական օբյեկտները և կապի գծերը պաշտպանելու համար։