ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Հայաստանի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր հայտարարել է, որ կարգավորիչը կգնահատի ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթի ազդեցությունը իրավիճակը վերլուծելուց հետո։ Դրա համար ժամանակ է պետք:
«Մենք պետք է հասկանանք ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթի ազդեցության ուրվագիծը և խորությունը, մեզ ժամանակ է պետք գնահատման համար։ Դրանից հետո մենք կունենանք որոշակի գնահատականներ միջնաժամկետ ազդեցության գործոնների (պատժամիջոցների,–խմբ.) վերաբերյալ», - ասաց Գալստյանն ԱԺ նիստում։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն հունիսի 12-ին հայտարարել է ռուսական ֆինանսական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մոսկվայի բորսայի, Ազգային քլիրինգային կենտրոնի և Ազգային հաշվարկային դեպոզիտարիայի դեմ նոր պատժամիջոցների մասին: Մոսկվայի բորսան հունիսի 13-ից դադարեցրել է ԱՄՆ դոլարի, եվրոյի և հոնկոնգյան դոլարի առուվաճառքը: Դոլարի և եվրոյի բորսայական առևտուրը տեղափոխվել է արտաբորսայական շուկա։