ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Բաղրամյան փողոցում հունիսի 9-ից տեղադրված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վրանային ճամբարը հանվում է։ Այսօր հանրահավաքի ժամանակ այդ մասին հայտարարեց շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա շեշտեց՝ նախապես հայտարարված 4 օրը՝ 96 ժամը լրացել է։
«Ուրբաթ, շաբաթ և կիրակի հանդիպումներ են լինելու քաղաքական տարբեր ուժերի հետ։ Ամբողջ շարժումը վերադասավորվում է»,- հայտնեց սրբազանը։
Նա խոստովանեց՝ քաղաքական իմաստով իրենց պայքարը մինչ այս պահը չի հաջողվել, քանի որ իշխանությունները շարունակում են երկրի ղեկին լինել և փաստաթղթեր ստորագրել, սակայն դա չի նշանակում, որ շարժումը չի հաջողելու։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։
ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստ կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։