«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջորդ հանրահավաքը հունիսի 17-ին է

Շարժման առաջնորդի խոսքով՝ այս փուլում կարևոր է վերադասավորում անել, որ շարժումը դառնա ավելի ընդգրկուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանրահավաք է հրավիրում հունիսի 17-ին՝ 18։30-ին։ Այս մասին շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց այսօր՝ ԱԺ-ի մոտ։
Սրբազանը կոչ արեց շարժման աջակիցներին հավաքվել Աժ-ի մոտ 18։30-ից սկսած։
«Այս շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի ներառական, ավելի քաղաքացիական, ավելի, հզոր, ճնշող, մեծացող ու ավելի հաղթանակին վերջնականապես ձգտող»,- հայտարարեց շարժման առաջնորդը։
Ավելի վաղ սրբազանը հայտարարել էր, որ վրանային ճամբարը հանվում է Բաղրամյան փողոցից, առաջիկա երեք օրերին հանդիպումներ, խորհրդակցություններ են լինելու քաղաքական տարբեր ուժերի հետ։
«Վերադասավորման խնդիր ունենք, ժողովուրդ ջան, պատերազմն ինչպե՞ս է լինում․ լինում են հաղթանակներ ճակատամարտի, լինում են նահանջներ, դառը կորուստներ, մեծ աստիճանի հաջողություններ՝ այս ամենը կոչվում է պատերազմ, այդ ժամանակ վերադասավորումներ են տեղի ունենում, տարբեր տեսակի ռազմավարություններ են մշակվում, որ պատերազմը հասնի հաղթական ավարտի, ոչ թե պատերազմը հավիտենապես շարունակվի»,- հայտարարեց շարժման առաջնորդը։
Ցուցարարներն արդեն հավաքում են Բաղրամյան պողոտայի վրանները
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։
ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստ կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։