ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ դատարանի որոշմամբ տնային կալանք կիրառվեց։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դատավոր Մասիս Մելքոնյանը ամբողջությամբ բավարարեց քննիչի միջնորդությունն ու Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ կիրառեց 2 ամիս ժամկետով տնային կալանք»,- գրել է Մելիքյանը։
Դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Արցախի նախագահ Սամվեկ Շահրամանյանն ասել էր, որ Սարգսյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է, կապված է վերջին շրջանում նրա՝ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանն աջակցելու հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Դավիթ Սարգսյանը 20 օրով կալանավորվել էր, նա մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Մայիսի 25–ին ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան կալանքի վերցրին 2 ամսով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։