ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը մինչև վերջին օրը ենթարկվում էր Հայաստանի կառավարությանը և հանդիսանում էր ՀՀ պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում։ Ստեփանակերտի քաղաքապետի դատական գործով նիստից առաջ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ԱԺ-ում արած հայտարարությանը։
«Ինչ վերաբերում է, որ մենք այնտեղ միլիարդավոր զենքեր ենք թողել՝ սարքին–կարգին, յուղած, Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա՝ սպառազինությունն ում հաշվեկշռում էր գտնվում, ով էր պատասխանատու այդ սպառազինության համար, ում էր ենթարկվում Արցախի պաշտպանության բանակը»,- ասաց Շահրամանյանը։
Նա անդրադարձավ նաև այն հայտարարությանը, թե Արցախի կառավարությունն ընդամենը 2 ժամ դիմացավ ու կապիտուլյացիա ստորագրեց։
«Այն, որ արցախցիները և Արցախի կառավարությունը դիմացել են 2 ժամ, որից հետո խնդրել են դուրս գալ այդտեղից, այդպես չէ. արցախցիները դիմացել են 32 տարի, և 7 տարեկանից բարձր ցանկացած արցախցի երեխա տեսել է 3 լայնածավալ պատերազմ։ Ինչ վերաբերում է վերջին գործողություններին, մենք ժամեր անց հասկացել ենք, որ մենակ ենք և դիմադրել 1/12-ի հարաբերակցությամբ Ադրբեջանի զինված ուժերին հնարավոր չէր, պետք էր փրկել կյանքեր, պետք էր ամեն քայլի գնալ, ինչ-որ Արցախի կառավարությունն արել է»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Արցախի՝ Բաքվի բանտերում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարությունը կենդանի պատանդ է մնացել և ապահովել բնակչության դուրսբերումը։
«Եթե մեր ժողովուրդը ցանկություն ունենար մնալու և Ադրբեջանի կազմում ինտեգրվելու․․․ էս դուրս գալն էլ հանրաքվեի ինչ-որ տարբերակ է, իրենք իրենց կարծիքն արտահայտել են այս ձևով՝ միասնական դուրս գալով»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր պետք է գտնել ճանապարհներ, որ արցախահայության հարցն արդարացի լուծում ստանա։
Նա խոստացավ, որ առաջիկայում հանրային կխոսի և կպատասխանի Արցախի կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին։