Փաշինյանն իր «կղերաֆեոդալական վարկածով» փորձում է կոծկել իր պատասխանատվությունը․ ՀԱԿ

Նիկոլ Փաշինյան
Ո՛չ ՄԱԿ-ի ԱԽ-ն, և ոչ է՛լ ԵԱՀԿ-ն որևէ որոշում երբեք չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Փաշինյանի ավելի քան վեց տարվա կառավարումը Հայաստանի և Արցախի անվտանգությանն ավերից և աղետներից բացի այլ բան չի բերել։ Նշված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հաղորդագրության մեջ, որով քաղաքական ուժն արձագանքում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հերթական հայտարարություններին։
«Երկիրը գնալով խորանում է արտաքին և ներքին հակամարտությունների մեջ։ Փաշինյանին, ամենայն հավանականությամբ, այլ բան չի մնում, քան փորձել կոծկել այս իրողությունները, աղավաղելով և ջնջելով մեր բոլոր պատմական նվաճումների մասին հիշողությունը, ինչպես ռազմական, այնպես էլ՝ դիվանագիտության դաշտում։ Նրա գործողությունները, սակայն, միայն ավելի են խորացնում հակամարտությունը մեր հասարակության ներսում»,- նշված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ։
Ըստ ՀԱԿ-ի՝ այս մասին են վկայում նաև հունիսի 12-ին Փաշինյանի կողմից հրահանգված անհամաչափ ոստիկանական գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ։
Անդրադառնալով ԱԺ-ում այսօր Փաշինյանի հայտարարությանը «կղերաֆեոդալական էլիտայի» վերաբերյալ, ՀԱԿ-ը շեշտում է՝ Փաշինյանն այսպես փորձ է անում կոծկել Արցախի կորստի համար իր պատասխանատվությունն ու վարած քաղաքականության աղետալի հետևանքները։
«Համաձայն Փաշինյանի այդ նոր վարկածի, 1996 թվականին Լիսաբոնի ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի արդյունքներից մեկը եղել է իր իսկ բառերով՝ «Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միջազգայնորեն ընդունված սահմանադրությունը», որի համաձայն` Լեռնային Ղարաբաղը պետք է մնար Ադրբեջանի կազմում»,- նշված է հայտարարության մեջ։
Ըստ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի ինքնակառավարման և ինքորոշման հասկացություններին վերաբերող այդ որոշումը սխալ է հասկացվել հայկական իրականության մեջ, որովհետև 96-ին ինտերնետ չի եղել, էլ. փոստ չի եղել, սոցցանցեր չեն եղել, Լիսաբոնի փաստաթուղթը թաքցնելով և նենգափոխելով՝ մոլորեցրել են ժողովրդին՝ իշխանությունը զավթելու և պահելու համար։
«Լիսաբոնի մասին Նիկոլ Փաշինյանի ստերին բազմիցս ենք անդրադարձել, սակայն, հաշվի նստելով ընդդիմախոսի հատկապես համառ բթամտության փաստի հետ, ստիպված ենք կրկնել հետևյալը։ 1996-ին ԵԱՀԿ-ն Ղարաբաղի հարցով միջազգային իրավունքի տեսակետից պարտադիր կիրառման ուժ ունեցող որևէ որոշում չի ընդունել, որովհետև Հայաստանն, օգտվելով իր կանոնադրական իրավունքից, առաջարկված նախագծի վերաբերյալ կիրառել է վետո։ Ընդհանրապես, ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից, և ոչ է՛լ Լեռնային Ղարաբաղի հարցում ՄԱԿ-ի ԱԽ-ից մանդատ ստացած ԵԱՀԿ-ն որևէ որոշում երբեք չեն ընդունել այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում։ Ավելին, չգիտես ինչու, Փաշինյանը միշտ լռության է մատնում այն փաստը, որ ԵԱՀԿ-ի Բուդապեշտյան գագաթնաժողովը 1994 թվականին որոշում է ընդունել, որով Հայաստանի և Ադրբեջանի հետ իրավահավասար կարգավիճակ է շնորհել Լեռնային Ղարաբաղին՝ նրա ապագա վերջնական կարգավիճակը որոշելու հարցում, ըստ էության ճանաչելով Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ»,- շեշտվում է հայտարարության մեջ։
ՀԱԿ-ը շարունակում է պարզաբանել՝ Հայաստանի կողմից կիրառված վետոյի գլխավոր արդյունքը եղել է այն, որ 1997 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահությունը ներկայացրել է Փուլային լուծումը։ Այդտեղ որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու մասին։ Շեշտվում է, որ Փուլային լուծման առաջարկը ԵԱՀԿ ներկայացրած լուծումների տարբերակներից միակն է եղել, որը որպես բանակցությունների հիմք են ընդունել և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, փոխարենը մերժել են ԼՂՀ իշխանությունները։