ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները միլիարդների զենք են հանձնել Բաքվին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրել է Ադրբեջանին 2 ժամում հանձնվելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները միլիարդների զենք են հանձնել Ադրբեջանին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԼՂ կղերաֆեոդալական էլիտայի ներկայացուցիչները, որ ոտքի վրա ճոռոմ կենացներ էին խմում ու մեզ մեղադրում դավաճանության մեջ, 2 ժամում հանձնվեցին: Էս էն մարդիկ էին, որ մեզ մեղադրում էին դավաճանության մեջ: Քիչ չէ, որ 2 ժամում հանձնվեցին, ՀՀ ժողովրդի զրկանքների գնով ձեռք բերված մի քանի միլիարդ դոլարի զենքը սարքին–կարգին, յուղած վիճակում, զինամթերքով հանձնեցին Ադրբեջանին»,–ասաց Փաշինյանը:
Միաժամանակ նա չհստակեցրեց, թե ովքեր են կենացներ խմել, ով է կայացրել կապիտուլյացիայի ու զենք հանձնելու որոշումը։ Հատկանշական է, որ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության հիմնական ներկայացուցիչները այժմ գտնվում են Բաքվի բանտում։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։