Կրեմլը կհստակեցնի ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը. Պեսկով

Մոսկվան կարծում է, որ Երևանը պակաս շահագրգռված չէ բարեկամական հարաբերությունների հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Ռուսաստանը կհստակեցնի Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ՝ միաժամանակ հավատարիմ մնալով գործընկերային, դաշնակցային հարաբերություններին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կճշտենք նրանց դիրքորոշումը։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային, դաշնակցային հարաբերություններին»,- Պեսկովի խոսքը մեջբերում է «Զվեզդա» հեռուստաալիքը։
Կրեմլում կարծում են, որ այդպիսի հարաբերությունների հարցում ոչ պակաս շահագրգռված է նաև հայկական կողմը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: Նա կրկին քննադատեց կազմակերպությանը և մեղադրեց Հայաստանի անվտանգության ապահովման հարցում անգործություն դրսևորելու մեջ: