ՀՀ 4–րդ նախագահի երկրորդ քաղաքացիության գործով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ

Պետությունում բարձրագույն պաշտոնների հավակնող անձանց երկրորդ քաղաքացիության շուրջ քննարկումներն ակտիվացել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ կանադական անձնագիր ունենալու մասին հայտարարությունից հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
ՔԿ-ին հարցրել ենք նաև, թե արդյոք կառույցում տվյալներ կան Սարգսյանի գտնվելու վայրի վերաբերյալ, և արդյոք նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն կատարվել է:
«Նշված քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իսկ ինչ վերաբերվում է հայցվող մյուս տեղեկատվության տրամադրմանը, ապա քրեական վարույթի նախաքննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով՝ հնարավոր չէ տրամադրել», - նշել են ՔԿ-ից։
Անցած տարվա ապրիլին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանի օտարերկրյա քաղաքացիության վերաբերյալ քրեական գործը փոխանցվել է ՔԿ–ին։
Նշենք, որ բարձրագույն պետական պաշտոններում առաջադրվելու դեպքում երկրորդ քաղաքացիություն ունենալու խնդիրը վերջերս կրկին սկսել է ակտիվորեն քննարկվել այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նաև Կանադայի քաղաքացիություն ունի:
Հիշեցնենք, որ 2022–ի հունվարի 23-ին ՀՀ 4–րդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ չի կարողանում օգտագործել իր ներուժի գերակշիռ մասը ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման:
Սարգսյանի խոսքով՝ իրեն խոստացել էին, որ նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Բայց այդ խոստումներն իրականություն չեն դարձել։