Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
Վարչապետը կրկին մեղադրեց կազմակերպությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ հիշեցնել, որ կառավարության մեր ծրագրում մենք չենք ասել, որ մնալու ենք ՀԱՊԿ անդամ։ Մենք ասել ենք` հարցեր ունենք, որոնց պատասխանների հետևից գնալու ենք։ Ե՞րբ դա տեղի կունենա` կորոշենք, հնարավոր է` մեկ ամիս, հնարավոր է` մեկ տարի, հնարավոր է` 3 տարի»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետը կազմակերպությանը մեղադրեց Հայաստանի անվտանգության հարցում անգործություն դրսևորելու մեջ։
«Մենք ստացել էինք հավաստիացում, որ Հայաստանի սահմանը կարմիր գիծ է կազմակերպության և դաշնակիցների համար, բայց երբ 2021 թ–ի մայիսի 12–ի (նկատի ունի Ադրբեջանի հարձակումը Սյունիքում և Գեղարքունիքում) ներխուժմանը չհետևեց ՀԱՊԿ–ի պատշաճ արձագանքը, կառավարության ծրագրում մենք արդեն շատ նրբորեն կասկածի տակ դրեցինք ՀԱՊԿ–ի արդյունավետության հարցը»,– ասաց նա։
Վարչապետի խոսքով` դրանից հետո կառավարությունը անցավ շատ կոնկրետ աշխատանքի` բանակցություններ, քննարկումներ, նիստեր, ինչի արդյունքում էլ հասկացավ, որ ՀԱՊԿ–ը, որի պարտավորությունը այդ թվում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, հրաժարվում է կատարել իր պարտականությունները։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։
Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։