ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է՝ կապված վերջին շրջանում նրա՝ Բագրատ սրբազանի կազմակերպած հավաքներին մասնակցության հետ։ Այսօր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի մոտ՝ քաղաքապետի դատական գործով նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Դավիթ Շահրամանյանը։
«Արցախցին, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, իրավական և բարոյական բոլոր իրավունքներն ունի մասնակցելու իր նախընտրած շարժմանը և արտահայտել կարծիք, քանի որ մենք համարում ենք, որ Արցախի քաղաքացիները հանդիսանում են նաև ՀՀ քաղաքացիներ, ունեն համապատասխան անձնագրեր՝ չնայած Հայաստանի կառավարությունը համապատասխան որոշմամբ մեզ համարել է հատուկ պաշտպանության ենթակա անձինք»,- նշեց Շահրամանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, որը մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Մայիսի 25–ին ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան կալանքի վերցրին 2 ամսով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։