Ադրբեջանը 1 օրում երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի տարածած լուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կրակ չեն բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հերքելով Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած հերթական ապատեղեկատվությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե հունիսի 13-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն արդեն երկրորդ անգամ է ապատեղեկատվություն տարածում։
Հատկանշական է, որ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ է՝ նման հաղորդագրություններ չէր տարածել։ Մինչ այս վերջին նման հաղորդագրությունն ապրիլի 13-ի էր։