Ոստիկանին իր աշխատանքը կատարելու համար չի կարելի դատել. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի խոսքով` իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկում հնարավոր սադրիչներին հայտնաբերելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ոստիկանությունը պետք է կատարի իրեն վերապահված գործառույթները։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչու են ԱԺ շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ հավաքվել։
Նրա խոսքով՝ ոստիկանությունը պետք է ապահովի խորհրդարանի բնականոն աշխատանքը և քաղաքացիների անվտանգությունը, դա վերաբերում է խաղաղ ակցիայի մասնակիցներին կամ ակցիայի խաղաղ մասնակիցներին։
«Եթե ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը նման (ուժեղացված) միջոցներ են ձեռնարկում, ապա դա առնվազն նշանակում է, որ նրանք օպերատիվ տեղեկություններ ունեն որոշ խմբերի կողմից հնարավոր սադրանքների մասին»,– ասաց Փաշինյանը:
Ըստ վարչապետի` իրավապահները համապատասխան միջոցներ են ձեռնարկում այդ հնարավոր խմբերին, նրանց առանձին անդամներին հայտնաբերելու, չեզոքացնելու և օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար։
Փաշինյանը հիշեցրեց, որ ամբողջ աշխարհում ոստիկանությունն ուժային կառույց է, և երբեմն լինում են դեպքեր, որ ոստիկանությունը ուժ է կիրառում, բայց Հայաստանում մարդիկ ասում են, թե ինչու ոստիկանին չեն դատում։
«Ոստիկանին իր աշխատանքը կատարելու համար չի կարելի դատել»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիիցները, որոնք պահանջում են գործող իշխանության հրաժարականը, հունիսի 10-ից փակ են պահում Բաղրամյան պողոտայի մի հատվածը։ Այսօր առավոտյան այդ տարածքում ավելացվել է ոստիկանների թիվը, քանի որ ԱԺ են եկել կառավարության անդամները։