ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Հանրապետության հրապարակից վերադարձան Բաղրամյան պողոտա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության շենքի մոտ գնալու առաջարկն արել էր շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։ Քաղաքացիները երթով հասան հրապարակ, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կուտակվել, որոշ ժամանակ մնացին այնտեղ և նորից շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։
Հիշեցնենք` այսօր Ազգային ժողովի շենքի մոտ բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։
Առողջապահության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 79 քաղաքացի է բուժօգնության դիմել, այդ թվում՝ ոստիկաններ։ Նրանց վնասվածքները հիմնականում թեթև և միջին ծանրության են։ Միայն մի քաղաքացի է ծանր վնասվածք ստացել դաստակի հատվածում։
Բերման է ենթարկվել 98 քաղաքացի։