ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Սուտ է, թե Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալու ճանապարհ է։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Խաչատրյանի հարցին, որը վերաբերում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը։
«Մենք հանդիպում ենք երկրների ներկայացուցիչների հետ, ակտիվ հարաբերություններ ունենք Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ։ Մինսկի խմբի հետ կապված 10 անգամ ասել եմ՝ իրանք իրար հետ չեն խոսում, իրենք հրաժարվում են, Ռուսաստանը` մի կողմից, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները՝ մյուս կողմից։ 2022 թվականի փետրվարից Մինսկից խմբի համանախագահները հրաժարվել են կոնտակտի մեջ մտնել իրար հետ, մեկ-երկու դեպք եղել է՝ տենց կիսատ և այլն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ մենք մեզ համոզել ենք և մեր հանրությանն էլ խաբել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանից դուրս կարգավիճակ ստանալու ճանապարհ է, նման բան չի եղել երբեք։ Շեշտեց՝ սա բլեֆ է։
Փաշինյանը հավելեց՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում ասել է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է բարձր ինքնորոշման իրավունք ստանա Ադրբեջանի կազմում։
Հիշեցնենք` Մինսկի խմբին պարբերաբար քննադատում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ավելին` օրերս նա հայտարարել էր, որ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համար միասին դիմել ԵԱՀԿ–ին։