ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Քննիչները պարզել են, որ Երևանի ինֆորմատիկայի քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանին ոչ թե 21-ամյա Դավիթ Պետրոսյանն է սպանել, այլ նրա ընկերը` Աղասի Մարտիրոսյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ նախաքննության ընթացքում բացահայտվել են շրջադարձային նշանակության նոր էական հանգամանքներ։
Ավելի վաղ ՀՀ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանն ընկերոջ հետ գտնվել է հիշյալ քոլեջին հարող տարածքում գործող սննդի կետի մոտ, երբ 6-7 երիտասարդներ, այդ թվում՝ 21-ամյա Դ․Պ․-ն (Դավիթ Պետրոսյանը) և նրա ընկերները՝ 21-ամյա Ա․Մ․-ն (Աղասի Մարտիրոսյանը) և 19-ամյա Հ․Ս․-ն, վազել են նրա ուղղությամբ: Երիտասարդներից մեկը դանակով մի քանի անգամ հարվածել է Ռաֆիկի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով նա ընկել է, որից հետո տղաները շարունակել են ոտքերով, մահակով հարվածներ հասցնել գետնին ընկած երիտասարդի մարմնին։ Ավելի ուշ Դավիթ Պետրոսյանը և Աղասի Մարտիրոսյանը, դեպքի հետ առնչություն չունեցող ևս մեկ անձի հետ հայտնաբերվել էին Սիսիանում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։
Նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված փաստական տվյալների, այդ թվում՝ Աղասի Մարտիրոսյանի տված ցուցմունքների հիման վրա, Դավիթ Պետրոսյանին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ այլ առարկայի գործադրմամբ խուլիգանություն), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Մյուս երկու անձանց՝ Աղասի Մարտիրոսյանի և Հ․Ս․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնցից առաջինի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր տնային կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ կալանքը, և հայտարարվել էր հետախուզում:
Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում պարզվել է, որ խուլիգանության դեպքի մասնակից Աղասի Մարտիրոսյանը, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակով, նախաքննության սկզբնական փուլում տվել է խեղաթյուրված ցուցմունքներ՝ սպանության կատարումը վերագրելով իր 21-ամյա ընկերոջը՝ Դավիթ Պետրոսյանին և շեղելով նախաքննությունը։
Հիմնավորվել է, որ քոլեջի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հենց Աղասին է իր մոտ եղած դանակով հարվածներ հասցրել 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանին։ Դեպքից հետո նա ու Դավիթ Պետրոսյանը տաքսիով ուղևորվել են վերջինիս տուն և հանցագործության գործիք ծալովի դանակը և փայտյա մահակը թողել են այնտեղ։
Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները փոփոխվել են։
Դավիթ Պետրոսյանին մեղսագրվող արարքների ծավալից հանվել է սպանության մեղադրանքը և նոր մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն անչափահասի նկատմամբ)և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Խափանման միջոցը թողնվել է անփոփոխ։ Նույն հոդվածներով նոր քրեական հետապնդում է հարուցվել նաև հետախուզման մեջ գտնվող Հ․Ս․-ի նկատմամբ։
Իսկ Աղասի Մարտիրոսյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (անչափահասի սպանություն) և 297-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի կամ այլ առարկայի գործադրմամբ խուլիգանություն): Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել է խոստովանական ցուցմունքներ:
Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոց տնային կալանքը փոփոխվել է, և որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Նախաքննությունը շարունակվում է։