Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել. Փաշինյան

ՀՀ վարչապետի խոսքով` Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելու փորձը տորպեդահարում է խաղաղության գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանն ասել էր, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով` խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է, և կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի (արդեն իսկ նախկինում երկկողմ հաստատված համաձայնեցումների հիման վրա) և ստորագրել:
«Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխություններին` ես կարծում եմ, որ այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություն իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` Սահմանադրության փոփոխության մասին ինքը խոսել է դեռ 2018-ից հետո՝ 2019 թվականին, ՀՀ օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, և Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։