Նիկոլ Փաշինյանն ակնարկեց ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Նիկոլ Փաշինյան
Հայաստանի վարչապետը խորհրդարանում անդրադարձավ ՀԱՊԿ-ի թեմային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ակնարկեց, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Նա հայտարարեց, որ Հայաստանի նախկին իշխանությունները մտել են «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պլանավորում է Հայաստանի դեմ պատերազմը։
«Դուրս կգանք, դրանո՞վ եք վախեցնում։ Լավ ենք անում, մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք։ Բա ձեր կարծիքով` հաջորդ քայլը ո՞րն է։ Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա»,– ասաց նա։
Վարչապետը վստահեցրեց, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա։
«Մենք այսօր վստահ ասում են, որ ՀՀ քաղաքացին կարող է հանգիստ քնել, ու վաղը արհավիրք տեղի չի ունենա։ Բա ես եմ եկել, էն ժամանակ ասել` մեր պետությանը վտանգ ա սպառնում, իսկ հիմա ասեմ` ուր եք գնում, ու համարյա հասել ենք տեղ։ Գնում ենք դեպի իրական Հայաստան, ինքնիշխան, խաղաղ, անվտանգ ու սահմանազատված սահմաններով Հայաստան»,– ընդգծեց Փաշինյանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։
Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։