«Գազպրոմ Արմենիան» Լոռիում և Տավուշում շուրջ 5200 գծամետր գազատարներ է վերականգնել

Գազատար
Լուրջ վնասներ են կրել Դիլիջանի, Իջևանի, Այրումի, Տաշիրի, Ալավերդիի, Թումանյանի, Վանաձորի, Խաշթառակի, Ձորագետավանի, Թեղուտի գազաբաշխման ցանցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում շուրջ 5200 գծամետր գազատարներ է վերականգնել, որոնք վնասվել էին մայիսի 26-ին տեղի ունեցած գետերի վարարման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Իրականացված վթարավերականգնողական աշխատանքների արդյունքում վերականգնվել են շուրջ 5 200 գծամետր վերգետնյա միջին և ցածր ճնշման գազատարներ։ Լուրջ վնասներ են կրել Դիլիջան, Իջևան, Այրում, Տաշիր, Ալավերդի, Թումանյան, Վանաձոր քաղաքների, Այրում, Խաշթառակ, Ձորագետավան, Թեղուտ բնակավայրերի գազաբաշխման ցանցերը։ Գազազրկված էր ավելի քան 19 000 բաժանորդ»,– ասված է հաղորդագրությունում։
Ընկերությունից հայտնում են, որ բոլոր այն բնակավայրերում, որտեղ իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ, վերականգնվել է գազամատակարարումը։
Ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը հանձնարարել է վերլուծել գույքագրված վնասները, վերահսկողության տակ պահել գազաբաշխման համակարգի ռիսկային հատվածները, լրացուցիչ ուսումնասիրություններ կատարել և անհրաժեշտության դեպքում իրականացնել գազատարների վերատեղադրման և շինհավաքակցման աշխատանքներ:
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ