Ինչպես են ձերբակալել Հաթերքի գյուղապետին. փաստաբանը մանրամասներ է հայտնում

Ձեռնաշղթա
Փաստաբանի խոսքով` Վարդան Գրիգորյանին ձերբակալել են բռնի կերպով` քաշքշելով դուրս են հանել մեքենայից, ապա պառկեցրել ասֆալտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանին ձերբակալելու պահին մեքենայի մեջ եղել են նրա 7, 9 և 13 տարեկան երեխաները։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ փաստաբանն ավելի վաղ ասել էր, որ Հաթերքի գյուղապետին Բյուրականում են ձերբակալել, բայց այժմ նշեց, որ դա տեղի է ունեցել Բյուրեղավանում (Կոտայքի մարզ)։
«Գրիգորյանի կնոջ հետ եմ խոսել` տիկին Վարսիկի։ Եկել են, մեքենայի միջից վատ ձևով, քաշքշելով, ավտոյից դուրս շպրտելով ու գետնին պառկացնելով մարդուն բռնել են, ու այդ ամենը` 3 անչափահաս երեխայի աչքի առաջ` 2 աղջիկ ու 1 տղա։ Դա հերիք չէ, մի հատ էլ երեխաներին թողել են մեքենայի մեջ, ճանապարհին ու հեռացել»,– ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին 20 օրով կալանավորվել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, որը մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձի հետ դրանք օգտագործելու մեջ։
Մայիսի 25–ին ձերբակալվել է նաև Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը` խարդախությամբ և փաստաթղթեր կեղծելու եղանակով 1.935.000 ՀՀ դրամ արժողության «CHEVROLET LACETTI-1.4» մակնիշի ավտոմեքենան յուրացնելու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան կալանքի վերցրին 2 ամսով։
Մայիսի 23-ին էլ իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Ասկերանի նախկին քաղաքապետ Հայկ Շամիրյանի տանը, ինչից հետո ձերբակալել են նրան։
Ըստ տեղեկությունների՝ Շամիրյանին վերագրվող մեղադրանքը ևս առնչվում է ավտոմեքենայի հափշտակությանը։ Առաջին ատյանի դատարանը մայիսի 24–ին Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց տնային կալանքը։