ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ) անդամակցելը նոր խթան կհաղորդի հայ-չինական տնտեսական և քաղաքական երկխոսությանը: ՀՀ ազգային ժողովն ընդունեց «Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի մասին» համաձայնագիրը վավերացնելու օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Զեկուցողի խոսքով` այս անդամակցումը Հայաստանի Հանրապետությանը հնարավորություն կընձեռի մասնակցելու տարածաշրջանային խոշոր ներդրումային ծրագրերին, համագործակցել զարգացման բազմակողմ և երկկողմ այլ հաստատությունների հետ ու ներգրավել պետական և մասնավոր կապիտալ:
«Միաժամանակ այն կարող է ստեղծել հնարավորություններ Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով Չինաստանի ֆինանսավորմամբ ներդրումների ներգրավման համար: Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին անդամակցումը նպատակահարմար է համարվում նաև վարկային միջոցների աղբյուրների դիվերսիֆիկացման տեսանկյունից»,–ասաց Հովակիմյանը։
Փոխնախարարը նշեց, որ 2017 թվականից կառավարությունը քննարկել է բանկին 5 բաժնեմասով միանալու հարցը, որը բանկի կողմից մերժվել է: Հիմա կա ԵՆԱԲ-ին 374 բաժնեմասով միանալու և անդամ դառնալու մասին կառավարության որոշումը:
«Ռիսկերի և վարկային միջոցների դիվերսիֆիկացման տեսանկյունից նախագիծն արդարացված է: Հայաստանը միանալու է 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ: Մեկ բաժնեմասի արժեքը 100 հազար ԱՄՆ դոլար է, որի 20 տոկոսի վճարվում է, իսկ մնացածը՝ ցպահանջ»,–նշեց նա։
ԵՆԱԲ–ը հիմնվել է 2015 թվականին Չինաստանում: Բանկին անդամակցում են 100-ից ավելի երկրներ, հիմնադիր 57 անդամ-երկրների թվում են Հայաստանի հարևաններ Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը: