ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ասել, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ–ից։ Այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա Ղազարյանի հարցին։
Փաշինյանն այսօր խորհրդարանում ակնարկեց, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Նա հայտարարեց, որ Հայաստանի նախկին իշխանությունները մտել են «փուչիկ դաշինք», իսկ հետո պարզվել է, որ այն ոչ թե պաշտպանում է Հայաստանը, այլ պլանավորում է Հայաստանի դեմ պատերազմը։
«Հայաստանի Հանրապետության վարչապետն ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս կգանք, մենք կորոշենք, բայց հետ չենք գնա՝ ոչ պակաս, ոչ էլ ավելի։ Եթե որևէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է՝ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, և սա շատ հեշտ ապացուցելի է»,- ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։
ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։
Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։