ՀԱՄԱՍ-ը մերժել է պատանդներին ազատելու` Բայդենի ներկայացրած առաջարկը․ ԶԼՄ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որն ընդունվել է հունիսի 10–ին, մերժում է Գազայի հատվածում ժողովրդագրական կամ տարածքային փոփոխությունների ցանկացած փորձ, այդ թվում՝ ցանկացած գործողություն, որը կրճատում է անկլավի տարածքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մերժել է պատանդներին ազատ արձակելու առաջարկը, որը ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Տեղեկությունը հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային:
Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ միջնորդները ՀԱՄԱՍ-ից պատասխան են ստացել Բայդենի առաջարկած հրադադարի նախաձեռնությանը, որը կուսումնասիրեն, և դրանից հետո շահագրգիռ կողմերին կտեղեկացնեն հետագա քայլերի մասին:
«Երեկոյան Իսրայելը միջնորդի միջոցով ստացել է ՀԱՄԱՍ-ի պատասխանը։ Իր պատասխանում ՀԱՄԱՍ-ը մերժել է նախագահ Բայդենի կողմից ներկայացված` պատանդներին ազատելու առաջարկը», - գործակալությունը մեջբերում է պաշտոնյայի խոսքերը։
Նա ավելացրել է, որ շարժումը փոխել է «հիմնական և առավել նշանակալի պարամետրերից շատերը»:
Մայիսի վերջին Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելը նոր առաջարկ է ներկայացրել Գազայի հատվածում հրադադարի մասին։ Այն ենթադրում է երեք փուլ և փոխանցվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քննարկմանը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել է Գազայի հատվածի վերաբերյալ ամերիկյան բանաձևը. ՀԱՄԱՍ–ը ողջունել է
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 10–ին ընդունել է ԱՄՆ-ի բանաձևը, որում ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներկայացրել էր Գազայի հատվածում հրադադարի փուլային ծրագիրը: 14 երկիր կողմ է քվեարկել։ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել։
Բանաձևը մեծ մասամբ կրկնում է Գազայում հրադադարի մասին Իսրայելի եռաստիճան առաջարկը, որը հանրությանը ներկայացրել է Նախագահ Բայդենը: Փաստաթուղթը ՀԱՄԱՍ-ին կոչ է անում ընդունել այն նախաձեռնությունը, որն «Իսրայելն արդեն ընդունել է»: Տեքստը նաև կոչ է անում երկու կողմերին ամբողջությամբ կատարել այս նախաձեռնության պայմանները՝ առանց հապաղելու և նախապայմանների:
Առաջին փուլը, ըստ բանաձևի, ներառում է անհապաղ լիակատար հրադադար, Գազայի բնակավայրերից իսրայելական զորքերի դուրսբերում, ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների, այդ թվում՝ վիրավորների, տարեցների և կանանց ազատ արձակում, ինչպես նաև ձերբակալված պաղեստինցիների փոխանակում:
ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին ազատել Գազայի պատանդներին, բայց զորք չի ուղարկում. Սալիվան
Երկրորդ փուլը ենթադրում է ռազմական գործողությունների անժամկետ դադարեցում՝ պատանդների մնացած մասի ազատման, ինչպես նաև Գազայից իսրայելական զորքերի դուրսբերման դիմաց: Ընդ որում, բանաձևում ընդգծվում է, որ ռազմական գործողությունների անժամկետ դադարեցումը նախատեսված է միայն կողմերի համաձայնությամբ: Այս նախաձեռնության իրականացման երրորդ փուլը նախատեսում է Գազայի «վերականգնման բազմամյա ծրագրի» սկիզբը։