ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Երևանի Աջափնյակ թաղամասում սպանվել է «Չերյոմուշկի Ֆազ» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ հունիսի 11-ի կեսգիշերից քիչ առաջ կրակոցներ են հնչել Աջափնյակում։ Մոտակա տների բնակիչները հայտնել են, որ լսել են ավտոմատային կրակահերթ, որը, ենթադրաբար, արձակվել է ավտոմեքենայից: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 23.05-ի սահմաններում Երևանի ոստիկաններն ու ոստիկանության Մաշտոցի բաժինը տեղեկություններ են ստացել Շինարարների փողոցում հնչած կրակոցների մասին։
Սպանության վայրը
© Sputnik
Դեպքի վայրում հայտնաբերվել է «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենա՝ դիմացի և կողային ապակիների բազմաթիվ փամփուշտների հետքերով, ինչպես նաև սրահում արյան հետքեր: Այն բախվելէ «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որն այնուհետև բախվել է «Toyota» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին հարվածել է ևս մեկ «Toyota»-ի: Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։ Դեպքի վայր է ժամանել քննչական խումբը ՝ բաժնի պետ Էդգար Բարոյանի և հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Տեղում աշխատում է նաև փորձագետը։
Մինչ իրավապահները աշխատում էին արտակարգ դեպքի վայրում, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է, գրում է Shamshyan.com-ը։