ԱԺ–ի մոտ տեղի ունեցած իրադարձություններից հետո 17 ոստիկան է բուժօգնության դիմել

Ոստիկան
Բաղրամյան փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով ընդհանուր 79 քաղաքացի է դիմել բժիշկների օգնությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 17 ոստիկան է բուժօգնության դիմել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը` ներկայացնելով ժամը 23։00-ի տվյալները։
Նրա խոսքով՝ բերման ենթարկվածների թիվը չի փոխվել՝ 98։
Հավելենք, որ առողջապահության նախարարության վերջին հաղորդագրության համաձայն՝ ԱԺ-ի մոտ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով 79 քաղաքացի է բուժօգնության դիմել, այդ թվում՝ ոստիկաններ։
Նրանց վնասվածքները հիմնականում թեթև և միջին ծանրության են։ Միայն մի քաղաքացի է ծանր վնասվածք ստացել դաստակի հատվածում։
Հիշեցնենք` այսօր Բաղրամյան պողոտայում բախումներ սկսվեցին ոստիկանների և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների ու կողմնակիցների միջև։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։