Իրանում պաշտոնապես ավարտվել է արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուների վերջնական գրանցումը։ Նախապես գրանցված 80 հավակնորդներից Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը ընտրապայքարին մասնակցելու իրավունք է տվել միայն 6-ին։
Ըստ այդմ` հունիսի 28-ին նախանշված արտահերթ ընտրություններին կին թեկնածու չի մասնակցի, չեն մասնակցի նաև Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, խորհրդարանի նախկին խոսնակ, միջուկային հարցերով նախկին բանակցող Ալի Լարիջանին և այլ նախկին ու ներկա պաշտոնյաներ։
Իրանագետ Ժաննա Վարդանյանը 80 թեկնածուներից 72-ին չգրանցելը անսպասելի չի համարում, քանի որ Իրանում անցկացված վերջին 2 խորհրդարանական և 1 նախագահական ընտրություններում ևս հաստատվել էին գերազանապես պահպանողական թեկնածուները։
Այս ընտրությունները, սակայն, նախորդ նախագահական ընտրություններից արդեն տարբերվում են նրանով, որ առայժմ հստակ չէ, թե պահպանողականներից որի շուրջ կհամախմբվեն մյուս 4 թեկնածուները։
«Հիմնական մրցակցությունը կարող է լինել հենց պահպանողական թեկնածուների միջև»,-կանխատեսում է Վարդանյանը` հավելելով, որ հիմնական ֆավորիտներն են խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ու անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սաիդ Ջալիլին։