ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որը գտնվում է Ռուսաստանում, բանակցություններ է վարել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` խաղաղության պայմանագրի կնքման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները: Տեղեկությունը հայտնում Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆիդանը հանդիպել է նաև ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Հրապարակման մեջ նշվում է, որ հանդիպումների ժամանակ քննարկվել է ուկրաինական կարգավորումը, ինչպես նաև Գազայի հատվածում և Սիրիայում տիրող իրավիճակը:
Ռուսաստան կատարած այցիշրջանակում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Նիժնի Նովգորոդում կմասնակցի ԲՐԻԿՍ+-ի երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Բանակցություններ են նախատեսված ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։