ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն շուրջ 2 շաբաթ անց այցելել է Լոռու մարզի աղետից տուժած բնակավայրեր` Քարկոփ, Ալավերդի, Ախթալա համայնքներ։ Տեղեկությունը հայտնում է Լոռու մարզպետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նախագահին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և այլ պաշտոնյաներ։
«Նրա առաջին կանգառը եղել է Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում: Նախագահին ներկայացվել են իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է։ Խաչատուրյանն Ալավերդի համայնքում ծանոթացել է նաև Ալավերդու՝ հեղեղումներից տուժած Սանահին կայարան թաղամասում և Թումանյան փողոցում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին»,– ասված է հաղորդագրությունում։
Նախագահը զրուցել է Ալավերդի համայնքի բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ե՛վ բնակիչները, և՛ տնտեսվարողները հետաքրքրվել են ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսվող փոխհատուցման ծրագրերի, ինչպես նաև բնակարանների նորոգման, գույքի ձեռքբերման, մասնավոր բիզնեսի կրած վնասի փոխհատուցման, ենթակառուցվածքների վերականգնման և այլնի վերաբերյալ:
Վերջիններիս վստահեցրել են` ՀՀ կառավարության աջակցությամբ արվելու է ամեն հնարավորը աղետի հետևանքները լիարժեքորեն վերացնելու նպատակով: Այցելություն է կատարվել նաև Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղ:
Վահագն Խաչատուրյանը 2 շաբաթ անց այցելել է աղետի գոտի
© Photo : press office of Lori municipality
Վահագն Խաչատուրյանի հաջորդ կանգառը եղել է Ախթալա բնակավայրում, որտեղ ներկայացվել է ժամանակավորապես կառուցված մետաղական կոնստրուկցիաներով կամուրջը` նախատեսված մարդատար մեքենաների համար: Նախագահին հայտնել են, որ քննարկվում է նոր ու ժամանակակից կամուրջ կառուցելու հարցը։
Այցի հաջորդ կանգառը եղել է Քարկոփ բնակավայրը, որը զգալիորեն տուժել է հեղեղումների հետևանքով: Այցելություն է կատարվել Քարկոփի միջնակարգ դպրոց, որտեղ սովորում է 58 աշակերտ:
Պաշտոնյաները եղել են նաև Քարկոփի՝ աղետից վնասներ կրած հատվածներում, զրուցել բնակիչների հետ, ներկայացրել ՀՀ վարչապետի հանձնարարությամբ աղետից տուժած բնակավայրերին ուղղված պետական աջակցության առաջարկվող ծրագրերը: Այստեղ ևս վերականգնողական աշխատանքներ են իրականացվում: