Կա պատմական պահ` վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը. Միրզոյան

Արարատ Միրզոյան
Արտգործնախարարի խոսքով` խաղաղության հասնելու համար շատ կարևոր է նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին` հիմնված 1991 թ–ի Ալմա Աթայի հռչակագրին։ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Կա իրական հնարավորություն, պատմական պահ` վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար»,– ասաց նա։
Արտաքին գերատեսչության ղեկավարը այս համատեքստում կարևորեց նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը, որը պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման վրա։
Ըստ Միրզոյանի` դա լավագույնս արտացոլված է ՀՀ կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 4-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։